Back

Կարմիր քարտ, 11-մետրանոցներ, իսկ վերջում ոչ–ոքի

22/11/2025
Կարմիր քարտ, 11-մետրանոցներ, իսկ վերջում ոչ–ոքի

Նոյեմբերի 22-ին Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում տեղի ունեցավ «Նոա»–«Ալաշկերտ» հանդիպումը։

ԽԱՂԻ ՍԿԻԶԲԸ

Խաղի մեկնարկային րոպեներին «Նոայի» ճնշումը բավականին ակնհայտ էր։ Ճիշտ է՝ «Նոայի» առաջին գոլը խփվեց 11-մետրանոց հարվածից, սակայն դա տեղի ունեցավ Հայաստանի գործող չեմպիոնի լավ խաղի արդյունքում։ Խաղի հաշիվը բացեց Գոռ Մանվելյանը։

ՍՈՒԱԼԵՀԵԻ ԿԱՐՄԻՐ ՔԱՐՏԸ ԵՎ ԸՆԴՈՒՆԱԾ ԳՆԴԱԿԸ

Առաջին կեսի միջնամասում Դավիթ Սուալեհեն մրցավարի որոշմամբ հեռացվեց խաղադաշտից՝ որպես վերջին հույսի խախտում, ինչը դժգոհությունների առիթ տվեց։ Նշանակվեց 11-մետրանոց հարված, որը դիպուկ իրացրեց Կարեն Նալբանդյանը՝ 1:1։

ՄԵՐ ԱՎԱԳԻ ՖԱՆՏԱՍՏԻԿ ԳՈԼԸ ԵՎ ՉՆՇԱՆԱԿՎԱԾ 11-ՄԵՏՐԱՆՈՑԸ ՄՐՑԱԿՑԻ ԴԱՐՊԱՍԻՆ

Առաջին կեսում գոլերն այսքանով չավարտվեցին։ «Նոայի» ավագ Հովհաննես Համբարձումյանը հեռու տարածությունից գեղեցիկ հարվածով խոցեց Արսեն Բեգլարյանի պաշտպանած դարպասը՝ 2:1։ Առաջին կեսի վերջնամասում կրկին տեղի ունեցավ վիճարկելի դրվագ. սեփական տուգանային հրապարակում մրցակցի ֆուտբոլիստը ձեռքով խաղաց, սակայն մրցավարը դա գնահատեց օրենքի սահմաններում։

ԵՐԿՐՈՐԴ ԿԵՍԸ ԵՎ ԿՐԿԻՆ 11-ՄԵՏՐԱՆՈՑ ՄԵՐ ԴԱՐՊԱՍԻՆ

Երկրորդ խաղակեսում «Նոան» հիմնականում անցավ խորքային պաշտպանության և սպասում էր իր հնարավորությանը։ Ցավոք, «Նոայի» դարպասին ևս մեկ անգամ նշանակվեց 11-մետրանոց, որը կրկին վիճարկելի էր։ Ըստ մրցավարի որոշման՝ Գոնսալո Սիլվան ձեռքով էր խաղացել սեփական տուգանային հրապարակում։ Այս անգամ Թիմոթի Ֆայուլուն կարողացավ հետ մղել 11-մետրանոցը, սակայն երկրորդ հարվածով Մոմո Տուրեն հավասարեցրեց հանդիպման հաշիվը՝ 2:2։

Հանդիպումն ավարտվեց այս հաշվով։

ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ

Այս խաղից հետո «Նոան» 22 միավորով զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը՝ ունենալով 2 բաց թողած հանդիպում։

ԻՆՉ ՍՊԱՍԵՆՔ

«Նոան» իր հաջորդ խաղը կանցկացնի Շոտլանդիայում։ ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում Հայաստանի չեմպիոնը կհյուրընկալվի Շոտլանդիայի գավաթակիր «Աբերդինին»։ Հանդիպումը տեղի կունենա Երևանի ժամանակով նոյեմբերի 27-ի լույս 28-ի կեսգիշերին։

cursor