«Նոա» ՖԱ–ի նախագահ Վարդգես Վարդանյանը շնորհավորական ուղերձ է հղել հայ ֆուտբոլասերներին։
Ուղերձի մեջ նշված է՝
Սիրելի ֆուտբոլասերներ, մեր սիրելի երկրպագուներ,
2025 թվականը «Նոա» ֆուտբոլային ակումբի համար վճռորոշ և հաղթական տարի էր։ Մի շարք ռեկորդներ սահմանեցինք Հայաստանի առաջնությունում, դարձանք Հայաստանի չեմպիոն, գավաթակիր։ Մեր ակումբը եվրոպական հարթակում պատվով ներկայացնելն այս տարի ևս մեր ամենակարևոր մարտահրավերներից ու նպատակներից էր։ Երկրորդ տարին անընդմեջ նվաճեցինք ուղեգիր դեպի ՈւԵՖԱ մրցաշարի Լիգայի փուլ, և վերջապես, ամրագրեցինք հայկական ակումբային ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ որակավորում դեպի եվրագավաթային փլեյ-օֆֆ։
Բայց տարվա ամենամեծ հաղթանակը թվերն ու գավաթները չեն։
Մեր ամենամեծ ուժը մարդիկ են. Ձեզանից յուրաքանչյուրը, ով լցնում է մարզադաշտը, հետևում մեզ էկրաններից, սոցցանցերով, ով հավատում է, ով ապրում է թիմի յուրաքանչյուր րոպեն, ով ուրախանում ու ցավում է մեզ հետ միասին։ Ձեր էներգիան է, որ «Նոան» դարձնում է ավելին, քան պարզապես ակումբ։ Հենց դուք եք մեր մոտիվացիան և ուժն այս ճանապարհին։
2026-ին մենք լցված կլինենք էլ ավելի մեծ էներգիայով, հավատով՝ հասնելու հայկական ֆուտբոլում նոր նվաճումների։ Մենք չենք խնայի ոչինչ՝ շարունակելու մեր սկսածը և իրագործելու մեր երազանքների գրքի նոր էջերը։ Միասին կռվելու ենք մեր նպատակների համար՝ վերահաստատելու մեր վճռականությունը։
Ցանկանում եմ, որ 2026 թվականը ձեզ համար նույնպես լինի մեծ հաղթանակների տարի։
Թող ձեր ընտանիքներում լինի խաղաղություն, ջերմություն և լիություն։
Միասին՝ հանուն հայկական ֆուտբոլի, հանուն եռագույնի։
Առաջ Նոա,
Առաջ Հայաստան:
«Նոա» ՖԱ նախագահ
Վարդգես Վարդանյան