Back

Պերկովիչի առաջին հարցազրույցը՝ «Նոան» գլխավորելուց հետո

25/06/2025
Պերկովիչի առաջին հարցազրույցը՝ «Նոան» գլխավորելուց հետո

– Սա «Նոա»-ի երկրպագուների առաջին հանդիպումն է մեր նոր գլխավոր մարզչի հետ։ Ի՞նչ կասեք նրանց՝ ով է իրենց մարզիչը։

- Ողջույն բոլորին։ Իմ անունը Սանդրո Պերկովիչ է։ Ես եկել եմ Խորվաթիայից, իմ վերջին ակումբը եղել է Զագրեբի «Դինամոն», և ես հույս ունեմ, որ իմ գիտելիքները և ամբողջ քրտնաջան աշխատանքը, որը կներդնեմ իմ շտաբի հետ միասին, կբերեն արդյունքներ, ինչպես նաև հաճելի կլինի երկրպագուների համար։

Ես չգիտեմ, թե որքան բախտավոր են նրանք, բայց գիտեմ, որ ես եմ հաջողակ, որ «Նոայի» նոր գլխավոր մարզիչն եմ և եկել եմ հայկական ֆուտբոլ։

– Եթե ինչ-որ մեկը խոսի ձեր նախկին խաղացողների հետ, ի՞նչ կասեն նրանք ձեր մասին։

– Եթե նախկին խաղացողներից իմ մասին հարցնեք,
չգիտեմ, դուք տեղյակ եք՝ ինչպիսին են խաղացողները, ինչպես նրանք կարձագանքեն, բայց ազնվորեն կարծում եմ, որ դրական կարձագանքեն։ Ես միշտ փորձում եմ լինել արդար, միշտ փորձում եմ ներդնել իմ առավելագույնը նրանց համար, օգնել նրանց, որպեսզի լինեն ավելի լավ խաղացողներ և մարդիկ։ Խաղացողների մեծամասնության հետ ես իսկապես ունեմ լավ հարաբերություններ, նաև ակումբը լքելուց հետո կամ երբ մենք այլևս միասին չենք աշխատում։ Այնպես որ, կարծում եմ կլինեն դրական արձագանքներ։

 Երբ ստացել եք «Նոա»-ը մարզելու առաջարկը, ո՞րն էր ձեր առաջին միտքը։

– Ես լսել եմ «Նոայի» մասին անցած ամռանը, երբ նրանք հաղթեցին Աթենքի ԱԵԿ–ին։ Ես իսկապես զարմացել էի, և երբ փնտրեցի մի փոքր, թե որ խաղացողներն են այնտեղ հանդես գալիս և որ երկրներից են ժամանել այս ակումբ։ Այնուհետև հետևեցի հաջորդ փուլի խաղին «Ռուժոմբերոկի» դեմ, քանի որ «Ռուժոմբերոկը» հաղթել էր Սպլիտի «Հայդուկին», այն խորվաթական թիմ է։ Այնուհետև հետևեցի այդ 2 հանդիպումներին ու տեսա, որ նրանք հասան Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլ։ Շատ մեծ հաճույքով եկա, քանի որ նրանք նաև առաջնության չեմպիոն դարձան։ Նախագահի և ակումբի մարդկանց հետ մի քանի խոսակցություններից հետո որոշեցի միանալ թիմին։

– Խոսե՞լ եք ակումբի նախագահի հետ։ Ծանո՞թ եք նրա՝ ակումբի զարգացման տեսլականին։

Մեր նախագահը խորը ներգրաված է այն ամենում, ինչ մենք անում ենք, ինչ կատարվում է ակումբում։ Ես շատ երջանիկ եմ, որ մենք ունենք այսպիսի նախագահ և ամեն օր զգում ենք նրա աջակցությունն, ու սա մի երևույթ է, որը մեզ իսկապես ուժ է տալիս և առաջ է մղում դեպի մեր առավելագույնը։ Ես և իմ շտաբը շատ ջերմ ու հրաշալի ընդունելության արժանացանք։ Ակումբի ամբողջ անձնակազմը առաջին օրվանից փորձում է օգնել մեզ։ Նրանք շատ բարեհամբույր են, ջերմ, և մենք մեզ իսկապես շատ լավ ենք զգում։

Ինչպե՞ս էին ձեզ դիմավորում այստեղ, և ինչպիսի՞ առաջին տպավորություններ ունեք։

– Ցավոք, մինչև հիմա ես միայն մեկ օր եմ եղել Երևանում, բայց ես տեսել եմ այնտեղի բազան ու շատ երջանիկ եմ այն պայմանների համար , որոնք ունի ակումբը։ Կարծում եմ, որ մենք բոլորս հաճույք կստանանք «Նոայում» աշխատելիս։

– Ի՞նչ եք արդեն նկատել «Նոա»-ում։ Ի՞նչ ուժեղ կողմեր ունի թիմը։

– «Նոայի» ուժը, դա իհարկե խաղացողների որակն է։ Մենք ունենք շատ փորձառու ֆուտբոլիստներ, և նրանք գիտեն՝ ինչպես հաղթել։ Սա շատ կարևոր է ֆուտբոլում, և նրանք դա ապացուցել են նախորդ մրցաշրջանում, որտեղ հաղթել են թե՛ առաջնությունում, թե՛ Գավաթի խաղարկությունում։ Նաև կարողացել են հասնել Լիգայի փուլ, այնպես որ նրանք գիտեն, թե ինչպես արդյունքներ գրանցել, և դա իրոք կարևոր երևույթ է։ Այն, ինչ ես նկատել եմ առաջին օրվանից, նրանք մեծ պրոֆեսիոնալներ են, սիրում են աշխատել, շատ քրտնաջան են աշխատում, նվիրված են։ Եվ ես համոզված եմ, որ մենք հաճույք կստանանք նրանց հետ աշխատելուց, նրանք նույնպես։ 

 Ինչպե՞ս եք աշխատում երիտասարդ խաղացողների հետ՝ ի՞նչն եք ամենակարևորն համարում նրանց զարգացման մեջ։

Ես իսկապես սիրում եմ աշխատել երիտասարդ խաղացողների հետ։ Նրանց հնարավորություն տալու, առաջ մղելու, «կրակը» գցելու հետ ոչ մի խնդիր չունեմ։ Ամենակարևոր բանը նրանց համար այն է, որ անկախ այն փաստից՝ այժմ նրանք «Նոայի» առաջին թիմում են, շարունակեն մնալ համեստ, երկու ոտքով կանգնած լինեն գետնի վրա, քրտնաջան աշխատեն, նվիրվեն թիմին, մեր կանոններին, աշխատեն և ապրեն ինչպես իսկական պրոֆեսիոնալներ։ Եվ ես տեսնում եմ սա մեր երիտասարդ խաղացողների մոտ, ու դրա համար շատ երջանիկ եմ և ամենաշատն եմ ուզում տեսնել, թե ինչպես են նրանք կատարելագործվում։

– Ի՞նչ մթնոլորտ պետք է տիրի թիմում՝ հաղթելու համար։

Մթնոլորտը շատ կարևոր է յուրաքանչյուր թիմի համար։ Կարծում եմ, դա միախառնումն է դրական մթնոլորտի և աշխատանքի միջև։ Յուրաքանչյուր խաղացող գիտի, որ ցանկացած մարզում շատ կարևոր է, և ոչ միայն այն, ինչը մենք անում ենք խաղադաշտում, այլ նաև խաղադաշտից դուրս, որպեսզի նրանք նախապատրաստեն իրենք իրենց մարզմանը, հանդիպումներին։ Ես մշտապես փորձում եմ ստեղծել այնպիսի մթնոլորտ, որտեղ բոլորը մեկ ընտանիք են։ Եվ ոչ միայն հաճելի և լավ իրադարձությունները, այլ նաև դժվար ժամանակները հաղթահարում ենք միասին։

Եվ կարծում եմ, անչափ կարևոր է թիմի համար մեկ ընտանիքի մթնոլորտի առկայությունը, որտեղ բոլորը գիտեն, թե ինչ պետք է անեն, ու գնում ենք մեկ ուղղությամբ։

 Ի՞նչն է ձեզ ոգեշնչում Չեմպիոնների լիգայում։ Ի՞նչն է ամենակարևորը նման խաղերում։

Չեմպիոնների լիգան աշխարհի լավագույն մրցաշարն է։ Պարզապես անունը՝ Չեմպիոնների լիգա, ամեն ինչ ասում է։ Չեմպիոնների լիգայում ամեն ինչ կարևոր է։ Յուրաքանչյուր հեռացումը, եզրային նետումը, փոխանցումը, դրանք իսկապես կարևոր են։ Սա ֆուտբոլի ամենաբարձր մակարդակն է, և սխալները կարող են թանկ արժենալ։ Եվ ամբողջությամբ կենտրոնացված լինելու համար անհրաժեշտ է լրիվ նախապատրաստվել նրան, ինչը սպասվում է քեզ այդ տեսակի հանդիպումների ժամանակ։

 Ի՞նչ ֆուտբոլ եք խաղալու «Նոա»-ում։

Մենք փորձելու ենք խաղալ ժամանակակից ֆուտբոլ՝ բարձր ինտենսիվությամբ, որակյալ գնդակով խաղով, գնդակի ու խաղի վերահսկումով, կառավարելով դիրքերի շնորհիվ։
Մենք ցանկանում ենք վերահսկել խաղը թե՛ հարձակվելիս, թե պաշտպանվելիս։ Ու ես կարծում եմ, որ այդ խաղաոճը հաջող կլինի։

​​​​​​​– Ի՞նչ կցանկանայիք ասել «Նոա»-ի երկրպագուներին։

Ես կարող եմ միայն հրավիրել նրանց մեր հանդիպումներին, որ գան մեծ թվով, աջակցեն մեզ։ Եվ կարող եմ վստահեցնել, որ թիմը միշտ կտա բացարձակապես ամեն բան, ինչ ունի այդ պահին։ Մենք կկռվենք նաև նրանց համար, և ես հույս ունեմ, որ մեր հանդիպումներից հետո նրանք իրենց տուն կգնան լի սրտով ու դեմքերին ժպիտով։

 

 

cursor