Back

Հասնելով նոր բարձունքների․ ՈՒԵՖԱ–ի անդրադարձը «Նոային»

15/09/2025
Հասնելով նոր բարձունքների․ ՈՒԵՖԱ–ի անդրադարձը «Նոային»

ՈՒԵՖԱ–ն լայնածավալ նյութ է հրապարակել Հայաստանի գործող չեմպիոն և Գավաթակիր «Նոայի» մասին։
 
«Նոան» հիմնվել է Վաղարշապատում՝ Հայաստանի սուրբ քաղաքում, որը գտնվում է Երևանից 20 կմ դեպի արևմուտք։ Ակումբի մարզաբազայի գտնվելու վայրը խորհրդանշական է․ «Նոայի» ակադեմիայից երևում է Արարատ լեռը՝ մշտապես հիշեցնելով հայերին իրենց ինքնության մասին։ Ավելի քան 5,000 մետր բարձրության այդ լեռն առանցքային դեր ունի հայկական գիտակցության մեջ, նույնիսկ այն դեպքում, երբ գտնվում է Թուրքիայի տարածքում։ Ըստ Աստվածաշնչի՝ հենց Արարատ լեռան գագաթին է կանգ առել Նոյան տապանը՝ ջրհեղեղից հետո։

 

Ակումբի զարգացման տնօրեն Աննա Օհանյանը ցույց է տալիս ակադեմիայի տարածքը․

«Գիտե՞ք, թե ինչպես են հայերը բնակարան ընտրում․ ըստ այն բանի, թե որտեղից է ավելի լավ երևում Արարատը։ Իսկ հիմա մեր տունը՝ մարզաբազան, ունի ամենալավ տեսարանը։ Մենք բախտավոր ենք։ Ամեն օր մարզումների ես գալիս ու ոգեշնչվում այդ լեռից։ Թեև այն Հայաստանի տարածքում չէ, բայց մեր սրտում է։ Դա մեր պատմական կապն է։ «Նոան» շատ հատուկ անուն է, հատկապես նորաստեղծ ակումբի համար, որը փորձում է ներկայանալ աշխարհին»։

 

Չնայած «Նոան» կարճ պատմություն ունի, նրա անունն արդեն լսելի է դառնում եվրոպական ֆուտբոլում։ Ակումբը հիմնվել է 2017-ին՝ «Արցախ» անունով, բայց մեծ առաջընթաց է գրանցել հատկապես 2023-ին, երբ սեփականատեր դարձավ ծրագրային ապահովման և տեխնոլոգիաների մագնատ Վարդգես Վարդանյանը։

2023/24 մրցաշրջանում «Նոան» դարձավ Հայաստանի Պրեմիեր լիգայի փոխչեմպիոն, իսկ հաջորդ տարի առաջին անգամ հաջողությամբ հանդես եկավ Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլում՝ հաղթահարելով բոլոր որակավորման փուլերը։ 2024/25 մրցաշրջանում «Նոան» արդեն դարձավ Հայաստանի չեմպիոն և ստացավ իր առաջին հնարավորությունը Չեմպիոնների լիգայում։
 

«Նոայի» կիսապաշտպան Իմրան Ուլադ Օմարը նշեց․

«Սա մեծ ձեռքբերում է։ Ակումբի համար շատ պատմական պահ է։ Մարդիկ սկսում են ճանաչել, թե ինչ թիմ է «Նոան»։

 

Գոռ Մանվելյանը ՈՒԵՖԱ–ի հետ զրույցում նշեց հետևյալը․

«Ես ծնվել եմ Հայաստանում, բայց երբ հինգ տարեկան էի, ընտանիքով տեղափոխվեցինք Ֆրանսիա։ Մեծացել եմ այնտեղ և մարզվել «Նանտում»։ Երկու տարի առաջ վերադարձա Հայաստան։ Ես 100 տոկոսով հայ եմ։ Թեև մեծացել եմ Ֆրանսիայում, ծնողներս ինձ հայկական ոգով են դաստիարակել։ Սկզբում փոքր-ինչ կասկածներ ունեի, բայց այստեղ գալը հրաշալի որոշում էր։ Արագ հարմարվեցի։ Լավ եմ զգում։ Սա իսկապես հավակնոտ ակումբ է, որն ուզում է մեծ արդյունքների հասնել։ Ես էլ այստեղ եմ, որպեսզի օգնեմ այս նախագծին»։
 

Աննա Օհանյանը նշեց․

«Շուտով հին մասնաշենքը կփոխվի․ հենց կողքին կառուցվում է նոր սպորտային համալիր։ Այժմ ընդամենը երեք հարկանի բետոնե կմախք է, բայց յուրաքանչյուր սենյակի պատին փակցված է ճարտարապետի նախագիծը՝ ցույց տալով, թե ինչպես է այն շուտով լինելու։ Տեսլականը մեծ է։
 

Այս շենքը նախատեսված է միայն առաջին թիմի համար․ հյուրանոցային սենյակներ հավաքների համար, հանգստի գոտիներ, զվարճանքի տարածքներ, ղեկավարության և աշխատակիցների համար գրասենյակներ։ Մենք աճում ենք, և մեր ներկայիս շենքն այլևս բավարար չէ։ Նոր համալիրում կլինի նաև բժշկական սենյակ, հանդերձարաններ, սաունաներ, ճաշարան։ Ամեն ինչ այստեղ կլինի։ Հիմա խաղերից առաջ թիմը գնում է Երևանի կենտրոնում գտնվող հյուրանոց, բայց մենք ուզում ենք, որ նրանք այստեղ լինեն։ Դա շատ ավելի լավ կլինի մեզ համար»։
 

Խոսելով մարզումային խաղադաշտերի մասին Աննա Օհանյանը նշեց․
 

«Սա լինելու է Հայաստանի լավագույն դաշտը։ Հատուկ մասնագետներ են հրավիրվել Կատարից՝ խոտածածկը բարձր մակարդակի ապահովելու համար։
 

ՆՈՐ ՄԱՐԶԱԴԱՇՏԻ ՄԱՍԻՆ


«Նոր մարզադաշտը պլանավորում ենք կառուցել ակադեմիային մոտ՝ ավելի քան 23 հեկտարի վրա։ Մեզ պետք է միայն հողամասի հաստատումը։ Այն կունենա 15–20 հազար տեղ։ Սակայն կառավարությունը պետք է օգնի ճանապարհների հարցում, քանի որ այս ենթակառուցվածքը դեռ պատրաստ չէ, որ 20 հազար մարդ Երևանից մեքենայով այստեղ գա։ Նոր ճանապարհներ անհրաժեշտ են»։



ԶՐՈՒՅՑ ՊԵՐԿՈՎԻՉԻ ՀԵՏ

 

«Սա միայն ակումբի մասին չէ», – ասում է գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը, որը մրցաշրջանի մեկնարկից առաջ էր ընդունել թիմը․ «Ես ինձ միայն «Նոայի» մարզիչ չեմ տեսնում․ ես ուզում եմ օգնել հայկական ֆուտբոլին։ «Նոայում» երիտասարդ խաղացողներ կան, որոնք հայկական ֆուտբոլի ապագան են։ Այստեղ շատ մեծ ամբիցիաներ կան, և դա լավ է։ Ֆուտբոլում պետք է այդպես լինի։ Բայց մենք բոլորս՝ ես, իմ շտաբը, մարզական տնօրենը, նախագահը, գիտակցում ենք, որ սա երկարատև գործընթաց է։ Ֆուտբոլը խաղ է՝ վերելքներով ու անկումներով։ Եվրոպայում ոչինչ մեկ գիշերում չի լինում։ Մեր նպատակներն են՝ Հայաստանում հաղթել առաջնությունն ու Գավաթը, իսկ Եվրոպայում առաջին հերթին ուզում ենք լավագույն կերպով ներկայացնել մեր ակումբն ու հայկական ֆուտբոլը»։

 

Օհանյանը հավելում է․ «Մեր ակումբի ձգտումները կապված են հայկական ֆուտբոլի զարգացման հետ։ Մեր նպատակները շատ ավելի լայն են։ Շատ կարևոր էր Կոնֆերենցիաների լիգայում մեր աշխատանքը ցույց տալը։ Դա նաև հայ երկրպագուներին հույս տվեց։ Դա վստահություն տվեց, որ հայկական ֆուտբոլում ամեն ինչ կարող է ավելի լավ լինել»։
 

ՈւԵՖԱ-ի ֆինանսական մուտքերը շատ կարևոր են։ Այժմ Հայաստանում դրանք ակումբների հիմնական եկամտի աղբյուրն են՝ բացի ներդրողներից և նախագահի սեփական ներդրումներից։ Հեռարձակման իրավունքներից եկամուտ գրեթե չկա։ Խաղադրույքների գովազդը, որը նախկինում հիմնական եկամուտ էր ապահովում, այլևս չի թույլատրվում սպորտի ոլորտում։ Հովանավորները մեծ հետաքրքրություն չեն ցուցաբերում մարզաշապիկների վրա գովազդ դնելու հարցում։ Հետևաբար գլխավոր աղբյուրն ՈւԵՖԱ-ի վճարներն են, որոնք մենք նորից ներդնում ենք ակումբի զարգացման համար։
 

«Մենք այնքան արագ ենք զարգանում, որ երբեմն թվում է՝ վազում ենք ժամանակից առաջ։ Բայց պետք է համբերատար լինել․ պտուղները միանգամից չեն հասունանում։ Հիմա մենք արդեն սովորել ենք այս արագությանը, և դա նորմալ է։ Շատ հետաքրքիր է։ Հարյուրավոր վերջնաժամկետներ ու առաջադրանքներ ունենք, բայց դա է ցույց տալիս, որ ճիշտ ուղու վրա ենք։ Դրա համար էլ քիչ ենք քնում, շատ ենք աշխատում, որովհետև գիտենք՝ ինչ է սպասվում առաջիկայում»։

 

«ՆՈԱՅԻ» ՎԱՐՈՐԴ ԱՐԹՈՒՐ ՌԱՄԱԶՅԱՆԸ
 

Արթուր Ռամազյանն ակումբի ավտոբուսի վարորդն է՝ առաջին խաղից սկսած՝ 2017 թվականից։
 

««Նոան» իմ ընտանիքն է, իմ տունը։ Առաջին անգամ կյանքում Չեմպիոնների լիգայի խաղին չեմպիոն թիմ տեղափոխեցի։ Դա մեծ բան էր, և ես շատ զգուշորեն էի վարում ավտոբուսը, որպեսզի նրանց անվտանգ հասցնեմ տեղ», – ասում է նա։

 

ԶՐՈՒՅՑ ԱԿՈՒՄԲԻ ՆԱԽԱԳԱՀ ՎԱՐԴԳԵՍ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՀԵՏ

 

««Նոա» անունը շատ հետաքրքիր է։ Այն գալիս է Աստվածաշնչից։ Մենք մեծ կարևորություն ենք տալիս հոգևոր արժեքներին։ Այդ առումով անունը շատ ներշնչող է, և այժմ այն լայնորեն սիրված է դարձել»։
 

«Մենք ստեղծում ենք նոր մարզադաշտեր, ենթակառուցվածքներ մեր ակադեմիայում։ Արդեն իսկ բերել ենք նախագծի ղեկավարի, որը մեծ փորձ ունի Աշխարհի առաջնության մարզադաշտեր կառուցելու գործում։ Այս ամենը դեռ ներդրումային փուլում է»։

 

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ԱՃ
 

«Մեր մեծագույն տեսլականը մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումն է։ Ճիշտ կերպով տաղանդների պատրաստումն ամենակարևորն է։ «Նոան» պետք է հաջողության հասնի, որպեսզի ֆուտբոլը դառնա երկրի համար տոն։ Եթե երեխաներն ու պատանիները ոգեշնչվեն «Նոայի» հաջողություններից, նրանք խաղին մոտենալու են մեծ էներգիայով։ Ես միշտ սիրել եմ ֆուտբոլը։ Այն սպորտ է, որը միավորում է բոլորին։ Ես իսկապես ուզում եմ, որ «Նոան» հաջողի և շատ մարդիկ միավորվեն մեր շուրջ»։
 

ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՄԱՍԻՆ

«Վաղարշապատը շատ հոգեհարազատ է ինձ համար։ Ես մանկությունս այնտեղ եմ անցկացրել, և մայրական կողմի իմ պապերն ու տատերն այնտեղից են։ Երբ մենք ձեռք բերեցինք «Նոան», թիմն օգտագործում էր Վաղարշապատի ակադեմիան, և ինձ համար դա շատ ոգևորիչ էր։ Վաղարշապատը ոչ միայն մեր հոգևոր կենտրոնն է, այլև իմ մանկության վայրն է, ինչը դա դարձնում է այդ փաստն առավել առանձնահատուկ»։


ԿԱՊԸ ԼՈՒԻՇ ՖԻԳՈՒԻ ՀԵՏ
 

«Ես շատ ջերմ հարաբերություններ ունեմ Ֆիգույի հետ։ Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում նրան․ նա լավ ընկեր է։ Ես նրան պարբերաբար տալիս եմ խորհուրդներ և ստանում նրա խորհուրդները։ Նրա փորձն անգնահատելի է։
 

ԵՐԵՎԱՆ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ


ՈՒԵՖԱ–ն նաև անդրադարձ է կատարել Հայաստանի մայրաքաղաք Երևանին, խորհուրդ տալով իր ընթերցողներին, թե որտեղ կարելի է այցելել մեծ բավականություն ստանալու համար։

 

cursor