-webp(85)-o(jpg).webp?token=1a7271e55ecdedaaf1e68a8dc9323005)
Mediamax լրատվականը լայնածավալ հարցազրույց է ունեցել «Նոա» ակադեմիայի մարզիչ Սուրեն Դիլբարյանի հետ, որը նաև 44-օրյա պատերազմի մասնակից է։
25-ամյա Սուրեն Դիլբարյանը 2020 թվականի պատերազմի 44-րդ օրը ծանր վիրավորում է ստացել, որի հետեւանքով կորցրել է ձեռքը, անցել ապաքինման երկար ու բարդ փուլերի միջով:
«Հիշում եմ, որ քննության օրն ուշացա՝ քնած էի մնացել, բայց ընդառաջեցին ու հետո ամեն ինչ բարեհաջող անցավ: 6-ամսյա վերապատրաստումից հետո սկսեցի մարզչական գործունեությունս: Աշտարակում թիմ հավաքեցի, սկսեցի 5-6 աշակերտից, հետո հասցրի 70-ի: Նախորդ տարի էլ «Նոա» ֆուտբոլային ակումբից առաջարկ ստացա ու արդեն մեկ տարի է այնտեղ մանկապատանեկան խմբերի հետ եմ աշխատում։ Սկզբում մարզչական աշխատանքը շատ անսովոր էր, հատկապես այն պատճառով, որ երկար ժամանակ ֆուտբոլով չէի զբաղվել, բայց չլինող ոչինչ չկա:
Եթե նպատակ ես դնում, աշխատասիրության միջոցով դրան մի օր անպայման կհասնես: Ինքս ինձ վրա շատ եմ աշխատել, մարզիչ ընկերներս եւս շատ են օգնել: Հիմա էլ անդադար շարունակում եմ կրթվել, գաղափարներս զարգացնել: Երեխաներին օգնելն իմ առաքելությունն եմ համարում։
Չեմ ուզում գլուխ գովել, բայց նախորդող մեկ տարվա ընթացքում արդյունքներն ակնհայտ են։ Դաշտում շատ խիստ եմ, որովհետեւ այնտեղ նպատակը հստակ է՝ պարապմունքի ժամանակ գիտելիք ստանալ ու հետո այդ գիտելիքը խաղում իրագործել: Ինձ առաջարկում են նաեւ գրասենյակային աշխատանք, թեկուզ նորից ֆուտբոլի ասպարեզում, բայց միեւնույն է, իմը դաշտն է՝ թեկուզ տանջանք է: Ֆուտբոլը չի հարցնում ոչ կիզիչ արեւ, ոչ անձրեւ, ոչ էլ ձյուն. եղել է՝ հեղեղի ժամանակ եք պարապել, մեզ ոչինչ չի կարող խանգարել։
Բայց մարդիկ էլ կան, որ շատ հուսահատ վիճակում են: Ես անընդհատ փորձում եմ խոսել նրանց հետ ու ասել՝ պետք չէ այդպես, եթե դու ողջ ես մնացել՝ հատկապես այդքանից հետո, երբ դու տեսել ես, թե որտեղից ես կարողացել դուրս գալ, ուրեմն մի առաքելություն դեռ ունես այս կյանքում։
Մի օր պարզապես հասկացա, որ պետք է երկար մտածել. եթե Աստված քեզ պահել է, ուրեմն մի նպատակ ունես, այս կյանքում հենց այնպես չես մնացել: Բոլորն այս կյանք եկել են իրենց առաքելությունը կատարելու ու գնալու համար: Պարզապես շատ մարդիկ չեն ուզում իրենց նեղություն տալ, չարչարվել, հատկապես մեր երկրում շատ են մարդիկ, որ չեն աշխատում, որովհետեւ այս կամ այն գործն իրենց «հագով» չէ:
Բայց ամեն ինչ մարդուց է գալիս: Ես իմ առաջ նպատակ դրեցի ու հիմա այս գործն եմ անում՝ փորձելով առավելագույնս օգտակար լինել, նախ ինքս զարգանալ, հետո նպաստել մյուսների զարգացմանը, ու այդ ամենօրյա ջանքում ես էլ չեմ նայում՝ արեւ է, անձրեւ, թե ձյուն։
Ես սիրում եմ փորձություններ: Ինչքան էլ որ փորձությունը կարող է քեզ ժամանակավոր կոտրել, թեւաթափ անել, բայց միայն այդպես ես կոփվում: Մարդը պետք է ուղղակի փափուկ չապրի, պիտի կարողանա դժվարության միջից դուրս գալ՝ առաջին հերթին մարդ մնալով, ու հետո փորձի իր կյանքի փորձով օգնել մյուսներին:»
Ամբողջական հարցազրույցը ստորև՝
mediamax.am